Թվում էր, թե հասարակական շրջանակներում ծայր առած ընդվզումը կարող էր վերջնականապես փակել Երևանի կենտրոնում լենինյան և ստալինյան շրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու թեման: Պարզվում է՝ ոչ:
Երեկ օրվա լրահոսում աչքի էր զարնում մի տեղեկատվություն, որից կարելի էր եզրակացնել, որ Անաստաս Միկոյանի արձանի հարցը միայն հայաստանցիներիս չի մտահոգում:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, և քննարկման առանցքային հարցերից մեկն էլ եղել է Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ դեսպանը նշել է, որ Վարշավայում հույս ունեն, որ Հայաստանում կհարգեն լեհ ժողովրդի զգացումները: Խնդիրն այն է, որ Միկոյանի անունը կապվում է 22 հազար լեհ սպաների գնդակահարության հետ, որը տեղի է ունեցել ՌԴ Սմոլենսկի մարզի Կատին բնակավայրի մոտ` 1940 թ.: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կատինի սպանդը որակել է որպես ռազմական հանցագործություն:
Այս տեղեկատվությունն ինձ ստիպեց փորփրել արխիվս և վերհիշել երեք տարի առաջ` 2011 թ. ամռանը, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի հրավերով Երևան այցելած արվեստի համադրող, բլոգեր Կամիլ Ջուլիանի հետ իմ հարցազրույցը: Երիտասարդ արվեստագետի հետ իմ զրույցը վերաբերում էր հետկոմունիստական Լեհաստանին և Եվրամիությանն անդամակցելուց հետո այնտեղ տեղի ունեցող փոփոխություններին:
Ներկայացնում եմ հարցազրույցից առավել ուշագրավ հատվածները:
«Լեհաստանը, գտնվելով Ռուսաստանի և Գերմանիայի միջև, միշտ ենթարկվել է կա՛մ Ռուսաստանի, կա՛մ էլ Գերմանիայի կողմից ներխուժման վտանգին: Այդ միջանկյալ կարգավիճակը մշտապես վնասել է լեհերին: Խորհրդանիշների, հուշարձանների փոփոխությունը տեղի ունեցավ անցյալ դարի 80-ականների վերջին, կոմունիստական ռեժիմի փլուզումից հետո: Ամենաազդեցիկ փոփոխությունը հրապարակում Ձերժինսկու քանդակի ապամոնտաժումն էր, եթե հաշվի առնենք, որ նախկինում այդ հրապարակը կոչվում էր Ձերժինսկու անունով: Լեհ գրող Յուլիոշ Սոլյակի անկախության տեսլականը կապված էր հուշարձանների ապամոնտաժման հետ: Փոխվեցին նաև փողոցների անունները, փողոցներից մեկը վերանվանվեց «Սոլիդարնոստ» պողոտա: Այդ փոփոխություններն ավելի շատ կապված են Լեհաստանի վաղամեռիկ նախագահ Յարոսլավ Կաչինսկու անվան հետ, որը փողոցների ու հանրային տարածքների անունները փոխելով՝ փորձում էր ձերբազատվել կոմունիստական անցյալից»:
Լեհաստանի քաղաքական կյանքին վերաբերող հարցիս զրուցակիցս տվել էր հակիրճ և դիպուկ բնորոշումներ:
«Հայտնի է, որ կոմունիստական կուսակցության անդամները զբաղված էին խուզարկու գործունեությամբ, տեղեկատվության փոխանակմամբ, ինչն ուղղակի առնչվում էր երկրի անվտանգությանը: Հայտնի է, որ լյուստրացիան ուղղակի կտապալի բազմաթիվ քաղաքական գործիչների կարիերան: Լեհաստանում էլ քիչ չեն այն քաղաքական գործիչները, որոնք ծառայել են կոմունիստական ռեժիմին և այսօր ներկայանում են ուրիշ «հագուստով»: Իմ կարծիքով, քաղաքական գործիչների անցյալի վերանայումը պետության խնդիրն է»,- նշել էր զրուցակիցս:
Մնում է, որ այս տողերը կարդալիս համապատասխան հետևություններ անեն հայ քաղաքական գործիչները:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ